«Եվ իմ տունը Տիրոջը պիտի ծառայի»:
Այսօր աշխարհը նշում է Ընտանիքի միջազգային օրը։ Բայց եկեղեցու աչքերում սա պարզապես սոցիալական օր չէ, այլ հոգևոր հիշեցում այն մեծ խորհուրդի մասին, որի հիմքում Աստծո սերը և կամքն են։
«Եվ Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Բազմացեք, աճեցեք, լցրեք երկիրը…» (Ծննդ. 1:28):
Ընտանիքը մեր կյանքի առաջին սրբավայրն է, առաջին դասարանը սիրո, ներողամտության ու հավատքի ճանապարհին։ Այստեղ մարդը սովորում է տալ ոչ թե իր ունեցածից, այլ իրեն ամբողջովին։
«Սիրեցե՛ք միմյանց եղբայրաբար, պատվելով միմյանցից առաջ անցեք» (Հռոմ. 12:10):
Երբ սերը խարսխվում է Աստծո վրա, ընտանիքը դառնում է ոչ միայն կյանքի ճամփորդություն, այլ նաև Փրկչի ուղեկցությամբ երթ դեպի երկնային արքայություն։ Քրիստոսը պետք է լինի յուրաքանչյուր տան կենտրոնը՝ իբրև լույս, խաղաղություն ու իմաստ։
«Ամուսինները սիրեն իրենց կանանց, ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցին և իրեն մատնեց նրա համար» (Եփես.,5:25):
«Ով որ իր տան նկատմամբ հոգ չի տանում, նա հավատքը մերժել է և անհավատից էլ վատն է»
(Ա Տիմ., 5:8):
Այսօր, երբ նշում ենք ընտանիքի օրը, արժե վերանայել մեր հոգատարությունը միմյանց նկատմամբ։
Արդյո՞ք մեր տունը իսկապես Տիրոջ տունն է։
Արդյո՞ք մեր զավակները տեսնում են մեր հավատքը ոչ թե խոսքերով, այլ՝ կյանքով։ Արդյո՞ք մեր սեղանի շուրջը կա աղոթք, օրհնություն, ներողություն ու երախտագիտություն։
«Ես ու իմ տունը Տիրոջը պիտի ծառայենք» (Հեսու. 24:15):
Թող մեր տները դառնան փոքրիկ եկեղեցիներ, ուր պատերը լսեն աղոթք, սեղանը լցվի սիրով, իսկ առօրյան՝ Աստծո ներկայությամբ։
Թող մեր ընտանիքները վկայեն Տիրոջ մասին՝ իրենց միաբանությամբ, զոհողությամբ ու նվիրմամբ։
Օրհնյալ ու խաղաղ Ընտանիքի օր բոլորին։
Թող ոչ մի տուն չլինի առանց սուրբ խաչի, ոչ մի սիրտ՝ առանց Քրիստոսի։
Տեր Հեթում Հեթում